Էլեմենտներ – Ձևաբանական Տարրեր

Էլեմենտներ – Ձևաբանական Տարրեր

Էլեմենտները բաժանվում են 2 հիմնական խմբերի` առաջնային և երկրորդային էլեմենտներ: Առաջնային էլեմենտները առաջանում են մաշկի վրա ինքնուրույն: Դրանք են`

  1. բիծ
  2. հանգույցիկ
  3. հանգույց
  4. թմբիկ
  5. բշտիկ
  6. բուշտ
  7. թարախաբշտիկ
  8. եղնջայտուց

Երկրորդային էլեմենտները առաջանում են առաջնային էլեմենտների փոփոխության կամ հետզարգացման արդյունքում: Դրանք են`

  1. էրոզիա
  2. խոց
  3. կեղև
  4. ճաք
  5. սպի
  6. թեփուկ
  7. էքսկորիացիա
  8. որքինացում
  9. վեգետացիա
  10. դիսքրոմիա

Առաջնային էլեմենտներ

Բիծ– macula – Բիծը հարթ էլեմենտ է, որը տարբերվում է շրջակա մաշկից միայն գույնի փոփոխությամբ: Բծերը լինում են տարբեր ձևերի, նրանց սահմանները կարող են լինել հստակ կամ ոչ հստակ, բիծը չի շոշոփվում: Բծերը լինում են`

  • Բորբոքյին-բծերը վարդագույն են և սեղմելիս անհետանում են: Կախված չափերից տարբերում են էրիթեմա, որը զբաղեցնում է մարմնի որևէ շրջանը, օր.` դեմքի թիթեռնիկանման էրիթեման կարմիր գայլախտի դեպքում: Էրիթրոդերմաի, երբ մաշկի 90%-ը հիպերեմիկ է, օր` փսորիատիկ էրիթրոդերմիայի ժամանակ:
  • Ոչ բորբոքային–  առաջանում են տարբեր տրամաչափի անոթներին պատի ամբողջականության խախտման և էրիթրոցիտների անոթներից դուրս գալու արդյունքում: Արյունազեղումները սեղմելիս գույնը չեն փոխում: Կախված չափերից տարբերում են պուրպուրա, երբ բծերը ասեղի գլխիկի չափի են, և էկխիմոզ, երբ բծերը եղունգի չափից մեծ են:
  • Պիգմենտային բծեր
  1. Հիպերպիգմենտային բծեր, որոնք լինում են բնածին, օր.` խալեր, և ձեռք բերովի, օր.` դաջվածքներ, պեպեններ:
  2. Հիպոպիգմենտային բծերորոնք լինում են բնածին, օր` հիպոպիգմենտային խալեր, և ձեռք բերովի
  3. Դեպիգմենտային բծերորոնք սպիտակ բծեր են, օր` վիտիլիգոյի ժամանակ, ալբինիզմի ժամանակ

Հանգույցիկ– papula – մաշկից քիչ բարձր, խոռոչազուրկ էլեմենտ է: Պապուլաները ըստ ձևի բազմազան են, օր` կոնաձև, կիսալուսնաձև , տափակ, պորտանման և այլն« ըստ չափերի լինում են ոսպանման (լենտիկուլյար), կորեկանման (միլիար), դրամանման (նումուլյար): Պապուլաները հանդիպում են մի շարք հիվանդությունների դեպքում, օր.` կարմիր տափակ որքի, երկրորդային սիֆիլիս, վուլգար փսորիազ: Երբեմն պապուլաները միաձուլվում են առաջացնելով վահանիկ, օր.` վուլգար փսորիազ:

Հանգույց– nodus – մաշկի մակարդակից բարձր, շոշափվող, խոռոչազուրկ էլեմենտ է: Այն հանդիպում է երրորդային սիֆիլիսի (գումա), տուբերկուլյոզի, լեյշմանիոզի ժամանակ, կարող է լինել նաև բարորոկ կամ չարորակ նորագոյացություն: Հանգույցը ունի խոցոտման հակում, խոցի լավացումից հետո մնում է սպի:

Թմբիկ– tuberculum-  մաշկի մակարդակից բարձր, խոռոչազուրկ, շոշափվող էլեմենտ է, չափերով ավելի խոշոր է քան հանգույցը: Հանդիպում է երրորդային սիֆիլիսի, լեպրայի, տուբերկուլյոզի, չարորակ կամ բարորակ նորագոյացությունների ժամանակ: Թմբիկը ունի խոցոտման հակում, խոցի լավացումից հետո մնում է սպի:

Բշտիկ– vesicular- խոռոչավոր, մաշկի մակարդակից քիչ բարձր, շճային կամ հեմոռագիկ պարունակությամբ էլեմենտ է: Բշտիկները սֆերիկ են,  ծածկը կարող է լինել թորշոմած, օր.` ֆլիկտենան ստոֆիլոկոկային իմպետիգոյի դեպքում, կամ լարված ծածկ, օր.` հերպես ինֆեկցիաների, Դյուինգի հերպեսանման դերմատիտի  ժամանակ: Բշտիկը պատռվելիս առաջացնում է էրոզիա:

 Բուշտ– bulla- չափերով ավելի մեծ է քան բշտիկը, խոռոչավոր, էքսուդատով լցված, մաշկի մակարդակից բարձր էլեմենտ է: Բուշտը պատռվում է առաջացնելով կամ էրոզիա, կամ խոց:  Բուշտը դիտվում է ականտոլիտիկ բշտախտի ժամանակ:

Թարախաբշտիկ– pustula – թարախային էքսուդատով լցված բշտիկ է: Կարող է լինել ինֆեկցիոն ծագման, օր.` ստրեպտո-ստաֆիլոկոկային հիվանդությունների ժամանակ,  ոչ ինֆեկցիոն ծագման. օր.` պուստուլյոզ փսորիազի ժամանակ:

Եղնջայտուց– urtica- մաշկի մակարդակից բարձր, խոռոչազուրկ էլեմենտ է, որը առաջանում է մաշկի այտուցման արդյունքում և մի քանի ժամի ընթացքում ինքնուրույն անհետանում է: Կարող է լինել տարբեր ձևերի` կլոր, օվալաձև, անուլար և այլն, տարբեր չափերի և տարածվածության: Եղնջայտուցը լինում է բաց վարդագույնից  մինչև կարմիր, հաճախ առկա է ալերգիկ հիվանդությունների, Դյուինգի հերպեսանման դերմատիտի ժամանակ:

Երկրորդային էլեմենտներ

Էրոզիա– erosio – խոնավ, կլոր կամ օվալաձև, մաշկի մակարդակից ցածր էլեմենտ է : Այն առաջանում է էպիդերմիսի կորստի հետևանքով: Այն առաջանում է բշտիկի, բուշտի կամ պուստուլայի պատռման արդյունքում, իսկ երբեմն առաջանում է ինքնուրույն, օր.` քերծվածքների, վնասման արդյունքում: Էրոզիաներ առկա են ականտոլիտիկ բշտախտի ժամանակ:

Խոց-ulcus- մաշկի մակարդակից ցածր, խոնավ էլեմենտ է, որը առաջանում է ոչ միայն էպիդերմիսի կորստի այլ նաև դերմայի  մասնակի կամ աբողջական կորստի հետևանքով: Խոցը կարող է լինել տարբեր չափերի, ձևերի, եզրերը կարող են լինել հարթ, կտրատվածև այլն, հատակը կարող է լինել նեկրոտիկ, մաքուր, էքսուդատով լցված և այլն: Խոցի օրինակներ են գանգրենոզ պիոդերմիան, կարծր շանկրը, փափուկ շանկրը, էկտիման:

Թեփուկ– squama –  տափակ, ափսեանման կամ ալրանման թիթեղներ են կազմված եղջերային բջիջներից:Նորմայում մեր մաշկի եղջերային շերտը  անընդհատ պոկվում է թեփուկների տեսքով, սակայն մենք դա չենք նկատում: Երբ տարբեր պաթոլոգիաների արդյունքում խանգարվում է էպիդերմիսի միտոտիկ ակտիվությունը և դիֆերենցացիան թեփուկները դառնում են տեսանելի: Թեփուկները լինում են տարբեր, օր.` փսորիազի դեպքում սպիտակ- արծաթագույն, սեբորեյի դեպքում դեղին և յուղոտ, գունափոփոխ որքինի դեպքում ալրանման:

Էքսկորիացի– excoriatio- էպիդերմիսի մակերեսային, գծային վնասումն է քորի հետևանքով: Էքսկորիացիներ առկա են քորվող հիվանդությունների դեպքում, օր.` քոս, նեյրոդերմիտ, քորպտիկ:

Կեղև– crusta- էքսուդատի չորացման արդյունք է: Էքսուդատի բնույթից կախված կեղևները լինում են տարբեր ` օր.` թարախային կեղևները դեղին-կանաչ գույնի են, հեմոռագիկ կեղևները  կարմիրից մինչև շագանակագույն գույնի են:

Ճաք– fissure- մաշկի և լորձաթաղանթների գծային ամբողջականության խախտումն է , որը առաջանում է հյուսվածքների էլաստիկության նվազման և նրանց վրա լարվածության ազդեցությամբ:Ճաքերը հաճախ առաջանում են ափերի , ներբանների և հոդերի շրջաններում, օր` էկզեմայի, ափ- ներբանային փսորիազի դեպքում:

Որքինացում-lichenificatio – մաշկը ունի որոշակի գծապատկեր, սակայն որը ցայտուն չէ նորմայում: Մաշկի հաստացումը և գծապատկերի ցայտունությունը կոչվում է որքինացում: Որքինացում դիտվում է նեյրոդերմիտի ժամանակ:

Սպի– cicatrix-  առաջանում է վնասված մակերեսում շարակցական հյուսվածքի աճի հետևանքով: Սկզբում սպին վարդագույն է, հետագայում այն դառնում է հիպո- կամ  հիպեր պիգմենտացված: Սպիները լինում են`

  1. հիպերտրոֆիկ ըստ ձևի այն նման է առաջնային էլեմենտին, մաշկի մակերեսից բարձր է:
  2. կելոիդ– այն չափերով գերազանցում է առաջնային էլեմենտին և տարածվում է դեպի շրջակա մաշկը
  3. ատրոֆիկ– մաշկը բարակած է առաջնային էլեմենտի տեղում և մաշկի մակարդակից ցածր է

Դիսքրոմիա– dischromia – առաջնային էլեմենտների անհետացումից հետո նրանց տեղը մնում են հիպեր- կամ հիպոպիգմենտացված բծեր:

Վեգետացիա– vegetatio- պտկիկային շերտի գերաճումն է, որը կարող է առաջանալ տարբեր պաթոլոգիական պրոցեսների ժամանակ: Վեգետացիայի օրինակներ են  պապիլոմաները, սրածայր կոնդիլոմաները, վեգետացիոն բշտախտը:

Երբ առկան են մի քանի առաջնային էլեմենտներ, դա կոչվում է իսկական պոլիմորֆիզմ, օր.` Դյուինգի հերպեսանման դերմատիտի ժամանակ առկա է  եղնջայտուց, պապուլա, բիծ, բշտիկ և բուշտ: Երբ առկա է առաջնային էլեմենտ և երկրորդային էլէմենտներ, որոնք առաջնային էլեմենտի էվոլյուցիայի արդյունք են, դա կոչվում է կեղծ պոլիմորֆիզմ, օր.` ականտոլիտիկ բշտախտի ժամանակ առկա են բշտեր և նրանց էվոլուցիայի արդյունքում կեղևներ, էրոզիաներ, դիսքրոմիա, նույնը կարող ենք ասել նաև էկզեմալի մասին:

Ժամանակի ընթացքում առաջացան այլ էլեմենտներ, որոնց դժվար է դասել  այս 2 խմբից որևէ մեկի մեջ: Դրանք են`

  1.  կոմեդոն-այն մազի ֆոլիկուլի լայնացումն է և լցվում է կերատինով և լիպիդներով: Երբ ֆոլիկուլը ամբողջությամբ լցված է կերատինով, օքսիդացման արդյունքում այն դառնում է սև գույնի և կոչվում է բաց կոմեդոն: Երբ ֆոլիկուլը ամբողջութւյամբ չէ լցված կերտինով, այն սպիտակ գույնի է և կոչվում է փակ կոմեդոն: Կոմեդոները առկա են ակնեի ժամանակ:
  2. եղջույր կոնաձև, եղջերային թիթեղներից կազմված մասսա է: Այն առաջանում է եղջերացման խանգարման հետևանքով: Հաճախ լինում է գորտնուկների, նորագոյացությունների ժամանակ:
  3. սկլերոզ մաշկի դիֆուզ կամ օջախային պնդեցումն է:Պալպատոր մաշկը տախտականման է , անշարժ, չի վերցվում ծալքի մեջ: Սկլերոզի տիպիկ օրինակ է սկլերոդերմիան:
  4. ատրոֆիա– բառը նշանակում է բջջի, հյուսվածքի, օրգանի կամ մարմնի որևէ մասի փոքրացում: Ատրոֆիան լիրնում է էպիդերմալ և դերմալ: Էպիդերմալ ատրոֆիայի ժամանակ դիտվում է էպիդերմիսի բջիջների քանակի նվազում: Մաշկը դառնում է փայլուն, նուրբ, գրեթե թափանցիկ, կնճռոտված: Դերմալ ատրոֆիայի դեպքում կամ պտկիկայի, կամ ցանցային, կամ 2 շերտում դիտվում է հյուսվածքի նվազում առաջանում է մաշկի դեպրեսսիա: Դերմալ ատրոֆիայի ժամանակ մաշկի գույնը և մակերեսը փոփոխված չեն: Որպես կանոն էպիդերմալ և դերմալ ատրոֆիաները լինում են զուգահեռ կամ մեկը հաջորդում է մյուսին:
  5. տելեանգիոեկտազ– անոթների պերսիստող լայնացումն է, այս դեպքում առկա է ցանցանման կամ սարդանման  կարմիր բիծ
  6. պոյկիլոդերմիա–  այն առանիձն էլեմենտ չէ: Երբ տեսնում ենք ատրոֆիա, տելեանգիոեկտազ և հիպերպիգմենտացիա կամ հիպոպիգմենտացիա այս 3-ը միասին կոչվում են պոյկիլոդերմիա: Այն բնորոշ է շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններին:

                                                                                                      

 http://clinics.am

Leave a comment